UFAR-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Բարսեղյանի վկայությունը
Նորություններ
Լիլիթը մեզ հետ կիսվում է Ֆրանսիայում իր պրակտիկայի փորձառությամբ՝ մի ճանապարհ, որը լի էր ուսուցմամբ, մասնագիտական աճով և մշակութային բացահայտումներով։
Ներկայումս ես իմ պրակտիկան անցնում եմ Aramine ընկերությունում՝ Էքս-ան-Պրովանսում, որը մասնագիտացած է հանքարդյունաբերական սարքավորումների ոլորտում։ Իմ պրակտիկան շատ լավ է ընթանում․ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ և հյուրընկալ թիմում, որտեղ հնարավորություն ունեմ կիրառելու իմ ինֆորմատիկայի գիտելիքները և միաժամանակ ծանոթանալու նոր գործիքների ու աշխատանքային մեթոդների։
Պրակտիկայի ընթացքում ես հատկապես աշխատել եմ արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտի ստեղծման նախագծի վրա, ինչը հնարավորություն տվեց ուսումնասիրելու նորագույն տեխնոլոգիաներ արագ զարգացող ոլորտում։ Արհեստական բանականությունն այսօր փոխում է բազմաթիվ ոլորտներ, և այս տեխնոլոգիաների հետ գործնականորեն աշխատելու հնարավորությունը չափազանց արժեքավոր փորձ էր ինձ համար։ Այս փորձառությունն օգնեց նաև դառնալ ավելի ինքնուրույն, ձեռք բերել ավելի մեծ վստահություն և արագ հարմարվել նոր մասնագիտական ու մշակութային միջավայրին։
Մինչ Ֆրանսիա գալը պատկերացնում էի բավական պաշտոնական և որոշ չափով հեռավոր միջավայր։ Սակայն իրականությունն ամբողջովին այլ էր․ ես բացահայտեցի աշխույժ, բարեհամբույր և համագործակցային մթնոլորտ։ Ֆրանսիան ինձ իսկապես տպավորել է իր մշակույթով, ճարտարապետությամբ և կազմակերպվածությամբ։ Սա մի երկիր է, որտեղ ես ինձ միաժամանակ ոգեշնչված և առաջընթացի համար խրախուսված եմ զգում։
Ներկայումս ես ապրում եմ Բուկ-Բել-Էր քաղաքում, որը խաղաղ, արևոտ և անվտանգ վայր է։ Իմ առօրյան այստեղ ներդաշնակորեն համատեղում է աշխատանքը, մշակութային բացահայտումները և ֆրանսիական կյանքի հաճելի մանրուքները։
Ես նաև հնարավորություն ունեցա այցելելու Էքս-ան-Պրովանսի Տեխնոլոգիական համալսարանական ինստիտուտ (IUT) և ներկա գտնվելու IUT-ի և UFAR-ի ինֆորմատիկայի բաժինների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ուսանողական շարժունակությունը այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են Big Data-ն, արհեստական բանականությունը և կիբեռանվտանգությունը։ Դա ոգեշնչող պահ էր, որը թույլ տվեց տեսնել իմ մասնագիտական ոլորտի ապագա հեռանկարները։
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատին (CCIFA) և Հայաստանում Ֆրանսիական համալսարանին (UFAR)՝ այս բացառիկ հնարավորության համար։ Նույնպես շնորհակալություն եմ հայտնում Aramineընկերությանը՝ ինձ իր թիմում այդքան ջերմ և բարեհամբույր ընդունելու համար։
Լիլիթ Բարսեղյան
UFAR-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի