Enterprise Armenia-ն ամրապնդում է համագործակցությունը մասնագիտական միությունների հետ՝ ներդրումների ներգրավման և տնտեսական աճի խթանման նպատակով
Նորություններ
Փետրվարի 27-ին Enterprise Armenia-ն կազմակերպել է կլոր սեղան-քննարկում՝ ոլորտային մասնագիտական և գործարար միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում Enterprise Armenia-ի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են գործակալության 2024 թվականի գործունեության արդյունքները և 2025 թվականի ներդրումների ներգրավման ռազմավարությունը՝ ընդգծելով մասնագիտական միությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Enterprise Armenia-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և ներդրումների տնօրեն Գոհար Գալյանը կարևորել է մասնագիտական միությունների դերը Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման գործում՝ նշելով.
«Մասնագիտական միությունները ներդրումային միջավայրի ձևավորման առանցքային շահագրգիռ կողմերից են։ Նրանց փորձը, ոլորտային խորքային գիտելիքներն ու միջազգային կապերը նպաստում են ոչ միայն Հայաստանի տնտեսական էկոհամակարգի զարգացմանը, այլև ներդրողների վստահության ամրապնդմանը։ Enterprise Armenia-ն պատրաստակամ է խորացնել այս համագործակցությունը՝ ապահովելով երկխոսության, ռազմավարական քննարկումների և համատեղ նախաձեռնությունների հարթակ»։
Մասնագիտական միությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ողջունել են Enterprise Armenia-ի որդեգրած մոտեցումը և քննարկման ընթացքում բարձրաձայնել ոլորտի հիմնական մարտահրավերները՝ ակնկալելով համատեղ ջանքերի միջոցով մշակել համակարգային լուծումներ։
Այս նախաձեռնությունը վերահաստատում է Enterprise Armenia-ի հանձնառությունը՝ ուժեղացնելու մասնագիտական միությունների դերը տնտեսական աճի և կայուն զարգացման խթանման գործում՝ միաժամանակ շարունակաբար բարելավելով ներդրումային միջավայրը։