Pion – Նորարարական գյուղատնտեսական նախագիծ Հայաստանում
CCIFA Armenia-ն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նորարարությանը, այդ թվում՝ Pion գյուղատնտեսական նախագծին, որը հիմնադրել են Արման Փինաբասին և Սմբատ Հարությունյանը։ Ժամանակակից գյուղատնտեսության գաղափարի վրա հիմնված այս նախաձեռնությունը ներկայացնում է Հայաստանի գյուղատնտեսական ներուժը և միջազգային համագործակցության հնարավորությունները։
Ֆանտան գյուղում՝ ծովի մակարդակից 1 800 մետր բարձրության վրա, իրականացվող նախագիծը հիմնված է բարձր տեխնոլոգիական ջերմոցների և եվրոպական, մասնավորապես՝ նիդերլանդական գործընկերների հետ մշակված առաջատար գյուղատնտեսական լուծումների վրա։ Այն համատեղում է նորագույն տեխնոլոգիաները և բնական բարենպաստ պայմանները՝ բարձրորակ ջրի պաշարները, առատ արևային օրերը և ամբողջ տարվա ընթացքում արդյունավետ արտադրություն ապահովող միջավայրը։
Տեխնոլոգիական նորարարությունից բացի, Pion-ը նպաստում է տեղական զարգացմանը՝ ստեղծելով որակյալ աշխատատեղեր, խրախուսելով գիտելիքների փոխանցումը և զարգացնելով ժամանակակից գյուղատնտեսության մասնագիտական հմտությունները։ Նախագիծը վկայում է Հայաստանի կարողության մասին՝ ներգրավելու նորարարական ներդրումներ և զարգացնելու կայուն, մրցունակ ու ապագային միտված գյուղատնտեսություն։