Սառա Վարդանյան․ երիտասարդ հայ առաջնորդ, որը նվիրված է իր երկրի զարգացմանը
Նորություններ
Սառան այն ուսանողներից է, ովքեր 2024 թվականի ֆրանսիական բակալավրիատի ավարտական քննություններում փայլուն արդյունք են գրանցել՝ ստանալով «Très Bien» (Գերազանց) գնահատականը։ Այս հաջողության համար նա արժանացել է Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի (CCIFA) մրցանակին՝ ստանալով 100 եվրոյի դրամական պարգև և փոքրիկ անակնկալ։ Սառան արդեն վստահ քայլերով կառուցում է իր ապագան իրավունքի և ձեռներեցության ոլորտներում։ Ստորև ներկայացվում են նրա ճանապարհը, ծրագրերը և Հայաստանի նկատմամբ ունեցած նվիրումը։
Ուսումնական ծրագրեր․ ընտրություն հօգուտ իրավունքի և ֆինանսների
Ապագա մասնագիտության ընտրության հարցում Սառան երկար ժամանակ տատանվել է տարբեր ուղղությունների միջև։ Սկզբում նրան հետաքրքրել է իրավագիտությունը, և ավարտական դասարանում նա ընտրել է «Իրավունք և ժամանակակից աշխարհի կարևոր հիմնախնդիրներ» առարկան, սակայն այդ ուղղությունը լիովին չի արդարացրել նրա սպասելիքները։ Այնուհետև նա մտածել է բիզնեսի ոլորտ տեղափոխվելու մասին՝ գրավվելով դրա ստեղծարար բնույթով, թեև մտահոգված էր մասնավոր ուսումնական հաստատությունների բարձր վարձավճարներով։
Վերջիվերջո նա գտել է իր իրական կոչումը՝ ծանոթանալով Լիոնի III համալսարանի «Իրավունք և ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրին։ Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղել մասնագիտական կայունության ձգտումը ստեղծագործելու ցանկության հետ։
«Անմիջապես հասկացա, որ սա հենց իմ կրթական ծրագիրն է», — ասում է նա ոգևորությամբ։
Ապագայում Սառան ցանկանում է աշխատել բիզնես իրավունքի ոլորտում, դառնալ նոտար կամ հիմնել սեփական ընկերությունը։
Ձեռնարկատիրական տեսլական՝ հանուն Հայաստանի
Հայաստանում սեփական ընկերություն ստեղծելու գաղափարը ծնվել է ամառային այցի ընթացքում, երբ Սառան հատկապես նկատել է երկրի կախվածությունը ներմուծումից։
«Ինչո՞ւ ենք գնումներ կատարում Թուրքիայից։ Ինչո՞ւ ենք հարստացնում նրանց, ովքեր մեզ բարեկամ չեն ցանկանում»,
— հարց է տվել նա ինքն իրեն՝ տեսնելով, որ հայկական արտադրության հագուստը բավարար չափով չի արժևորվում։
Դրա արդյունքում նա որոշել է Հայաստանում հիմնել տեքստիլ արտադրություն՝ նպաստելով ներմուծումից կախվածության նվազեցմանը։ Նրա նախագիծը նախատեսում է ստեղծել տեղական ամբողջական արտադրական շղթա՝ սկսած արտադրությունից մինչև վաճառք՝ միաժամանակ ներշնչվելով հայկական պատմության տարբեր ժամանակաշրջաններից։ Նա ցանկանում է նաև կիրառել էկոլոգիապես պատասխանատու մոտեցումներ՝ օգտագործելով բնական ներկանյութեր և ապահովելով երիտասարդների մասնագիտական վերապատրաստումը։
Սառայի համար չափազանց կարևոր է Հայաստանում նոր հնարավորությունների ստեղծումը և օտարերկրյա ներդրողների ներգրավումը՝ երկրի տնտեսական զարգացման համար։
Ամուր կապ հայկական արմատների հետ
Սառայի սերտ կապը Հայաստանի հետ խորապես արմատավորված է նրա ընտանեկան պատմության մեջ։ Նրա նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են եղել և անցել են բազմաթիվ փորձությունների միջով։
«Իսկապես կարևոր է վերադառնալ քո հայրենիք։ Այնտեղ կա մի անտեսանելի, ջերմ զգացողություն, որը մշտապես մեզ դեպի իրեն է ձգում»,
— պատմում է նա։
Իր մշակույթի և պատմության նկատմամբ այս կապվածությունն է նրան ուժ տալիս ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում։
«Ես ցանկանում եմ, որ Հայաստանը ծաղկի, ցանկանում եմ ֆինանսավորել Երևանի զարգացման ծրագրերը և ներգրավել օտարերկրյա ներդրողներ»,
— ասում է նա համոզվածությամբ։
Արժեքավոր խորհուրդներ ապագա բակալավրիատի շրջանավարտներին
Որպես մրցանակակիր՝ Սառան ցանկանում է նաև օգտակար խորհուրդներ փոխանցել այն աշակերտներին, ովքեր պատրաստվում են բակալավրիատի քննություններին։ Նա կարևորում է առողջ կենսակերպը, ժամանակի ճիշտ կառավարումը, հետաձգելու սովորությունից խուսափելը և քննությունից առաջ վերջին օրը ինքն իրեն չծանրաբեռնելը։
«Շատ կարևոր է հոգ տանել սեփական առողջության մասին և պատրաստվել աստիճանաբար»,
— նշում է նա։
Նա նաև խորհուրդ է տալիս ուսանողներին պատկերացնել իրենց ապագա հաջողությունը՝ որպես մոտիվացիայի աղբյուր։
«Պատկերացրեք ձեր ապագան և հիշեք, որ կյանքը չափազանց կարճ է ամեն ինչ վաղվան թողնելու համար»։
Սառան ոգեշնչող օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Նրա անցած ճանապարհն ու հավակնությունները ցույց են տալիս, որ հնարավոր է համատեղել անձնական երազանքները, մասնագիտական ձգտումները և սեփական երկրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։