ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Ֆրանսիայում մասնակցել է «Սյունիք–Օվերն-Ռոն-Ալպեր–Հայաստան բարեկամության օրվան»

Նորություններ

2024 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացված «Օվերն-Ռոն-Ալպեր–Հայաստան–Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Այն համախմբել է քաղաքական գործիչների, տնտեսագիտական փորձագետների և երկու տարածաշրջանների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի, մասնավորապես Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի միջև երկկողմ համագործակցության և տնտեսական զարգացման հնարավորությունները։

Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ընդլայնումը և Սյունիքի յոթ համայնքների ու Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի քաղաքների միջև քույր քաղաքների համագործակցության ցանցի ստեղծումը։ Միջոցառումը նպաստել է երկու տարածաշրջանների միջև կապերի ամրապնդմանը «Մեկ քաղաք, մեկ համագործակցություն» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է ձևավորել երկարաժամկետ գործընկերություններ տեղական ինքնակառավարման մարմինների միջև։

Այցի ընթացքում Արման Խոջոյանը ելույթ է ունեցել համագործակցության տնտեսական բաղադրիչին նվիրված նիստում՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական միջավայրը և զարգացման առաջնահերթությունները։ Նա անդրադարձել է Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին և ընդգծել Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի հետ համագործակցության կարևորությունը՝ դրանց հաղթահարման գործում։ Նա նաև նշել է, որ այս համագործակցությունը մեծ ներուժ ունի երկու տարածաշրջաններում ներդրումների խթանման և նորարարությունների զարգացման համար։

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզի յոթ համայնքները համագործակցության հուշագրեր են ստորագրել Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի իրենց քույր քաղաքների հետ՝ կարևոր փուլ նշանավորելով երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Արման Խոջոյանը նաև հանդիպել է Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի նախագահ Ֆաբրիս Պաննկուկի (Fabrice Pannekoucke) և տարածաշրջանի ներկայացուցիչ Լորան Վոկիեի (Laurent Wauquiez) հետ՝ քննարկելու հետագա համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

CCIFA-ի նորություններին մշտապես տեղեկացված լինելու և ամեն ամիս էլեկտրոնային փոստով մեր վերջին թարմացումները ստանալու համար՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին։

Դա կխլի ընդամենը մեկ րոպե, և ձեր տվյալները կմնան լիովին գաղտնի։