Հանդիպում էկոնոմիկայի նախարարի և Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ցուցաբերող ֆրանսիացի գործարարների պատվիրակության միջև
Նորություններ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Լիոնից ժամանած ավելի քան տասը ֆրանսիացի գործարարներից կազմված պատվիրակությանհետ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու հնարավորություններով։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումները խթանող օրենսդրական շրջանակը և բիզնեսին աջակցող գործիքները։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և զարգացնել մի շարք ռազմավարական ոլորտներ.
«Օտարերկրյա ներդրումների խրախուսումը մեր առաջնահերթություններից է, որպեսզի ստեղծենք հնարավորինս բարենպաստ, ճկուն և կանխատեսելի բիզնես միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ, հատկապես մեր ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները»։
Ֆրանսիական պատվիրակության այցը կազմակերպվել էր Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի (CCIFA) կողմից։
Armstat-ի տվյալներով՝ Ֆրանսիան Հայաստանի հինգերորդ խոշոր առևտրային գործընկերն է Եվրոպական միության շրջանակում։ 2025 թվականի առաջին ամիսներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17,7 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 12,4% աճ էնույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ գումարից շուրջ 16,6 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկել Ֆրանսիայից Հայաստան իրականացված ներմուծումներին։