Հայերի կողմից հիմնադրված ServiceTitan-ը տպավորիչ մեկնարկ է գրանցել Nasdaq-ում
Նորություններ
Արհեստավորների համար ամպային տեխնոլոգիաների հիման վրա ծրագրային ապահովում մշակող, հայերի կողմից հիմնադրված ServiceTitan ընկերությունը հինգշաբթի օրը տպավորիչ մեկնարկ է ունեցել Nasdaq ֆոնդային բորսայում․ ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 42%-ով՝ մեկ բաժնետոմսի համար սահմանված 71 ԱՄՆ դոլար մեկնարկային գնից։ Ընկերությունը, որը հիմնադրել են գլխավոր գործադիր տնօրեն Արա Մահդեսյանը և նախագահ Վահե Կուզոյանը, և որի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով ներգրավել է շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլար՝ առևտրային օրը փակելով մեկ բաժնետոմսի դիմաց ավելի քան 100 ԱՄՆ դոլար գնով։
Այս հաջող IPO-ն զգալի ուշադրություն է գրավել գործարար աշխարհում, քանի որ վերջին տարիներին տեխնոլոգիական ընկերությունների հրապարակային տեղաբաշխումները հազվադեպ են եղել՝ միաժամանակ խրախուսելով այլ ընկերությունների նույնպես ընտրել այդ ճանապարհը։
«Ընդունելությունը հիանալի է։ Ջուրը հրաշալի է», — CNBC-ին տված հարցազրույցում ասել է Վահե Կուզոյանը։
Բորսայական առևտրի բացման զանգը հիմնադիրները հնչեցրել են իրենց ծնողների հետ միասին։ Նրանց ծնողների՝ որպես ներգաղթյալ արհեստավորների անցած ճանապարհը ոգեշնչել է 2007 թվականին ստեղծել ընկերությունը՝ լուծելու այն բիզնես խնդիրները, որոնց նրանք բախվում էին։ Սկզբում նրանց որդիները կարծում էին, որ պարզապես ծրագրային լուծում են ստեղծում իրենց ծնողներին օգնելու համար, սակայն գաղափարը արագորեն վերածվեց հաջողակ բիզնեսի։ Այսօր ServiceTitan-ի ծրագրային ապահովումն օգնում է հազարավոր կապալառուների, այդ թվում՝ սանտեխնիկներին, էլեկտրիկներին և ջեռուցման, օդափոխության ու օդորակման (HVAC) մասնագետներին արդյունավետ կառավարել իրենց վարչական գործունեությունը։
Ծանոթացեք սկզբնաղբյուրին և կարդացեք հոդվածի շարունակությունը հետևյալ հղմամբ․ https://www.civilnet.am/en/news/809334/armenian-founded-servicetitan-has-explosive-opening-on-nasdaq/