Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական ու թվային ինքնիշխանության նախարար Էրիկ Լոմբարի հետ
Նորություններ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական ու թվային ինքնիշխանության նախարար Էրիկ Լոմբարի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական օրակարգում նոր ուղղությունների ընդգրկմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրի և ներդրումների ընդլայնմանը, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ամրապնդմանը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցության դրական արդյունքները և ընդգծել Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներկայության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես նոր մասնագիտական կարողություններ ներգրավելու և ձեռնարկատիրական մշակույթը զարգացնելու տեսանկյունից։
Քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝ Բարգուշատի թունելի կառուցման հնարավորությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների մասնակցությամբ։
Էրիկ Լոմբարը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման առանձնահատուկ կարևորությունը, վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը կմնան Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունների շարքում, և դրանց իրականացման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
Կողմերը համաձայնության են եկել հետագա քայլերի և համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ։
Աղբյուրին կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում՝