Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի էներգետիկ անցումը և էլեկտրահաղորդման ցանցի արդիականացումը
Նորություններ
Վաշինգտոն, 3 հունիսի, 2024 թ. — Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի էներգետիկ անցման ծրագրին, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության՝ մինչև 2040 թվականը իրականացմանը։ Ներդրումները հիմնականում կուղղվեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, այնպիսի բարեփոխումների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան էլեկտրահաղորդման ընկերությանը ներգրավել մասնավոր ֆինանսավորում, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության խթանմանը։
Հայաստանի էներգետիկ ոլորտը շարունակում է մեծապես կախված մնալ ներմուծվող վառելիքից, հատկապես բնական գազից, ինչը ստեղծում է էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր, որոնք էլ ավելի են խորացել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի հետևանքով։ Ոլորտում անհրաժեշտ խոշորածավալ ծրագրերի ֆինանսավորման համար կենսական նշանակություն ունի մասնավոր ներդրումների ներգրավումը։ 2021 թվականին Հայաստանի ընդհանուր էներգամատակարարման 62 %-ը բաժին էր ընկնում բնական գազին, որին հաջորդում էին նավթը (16 %), ատոմային էներգիան (14 %) և հիդրոէներգետիկան (5 %), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրների (քամու և արևային էներգիայի) մասնաբաժինը կազմում էր ընդամենը մոտ 1 %։
«Սպառողներին մատչելի, հուսալի և մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովելու համար Հայաստանը պետք է շարունակի ներդրումներ կատարել էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման գործում և բարձրացնի «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական կայունությունը։ Բացի այդ, ակնկալում ենք, որ այս նախագիծը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության մեղմացման ուղղությամբ», — նշել է Կարոլին Գեգինատը, Հայաստանում Համաշխարհային բանկի տնօրենը։
Ծրագրի նպատակն է մինչև 2032 թվականը էլեկտրահաղորդման ցանցում ինտեգրել շուրջ 1,1 ԳՎտ վերականգնվող էներգիայի արտադրական հզորություն, ինչը բավարար կլինի ավելի քան 690 000 տնային տնտեսության էլեկտրամատակարարումն ապահովելու համար։ Նախաձեռնության շնորհիվ տարեկան մաքուր ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն շուրջ 540 000 տոննայով։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ներգրավել 550 միլիոն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր էլեկտրահաղորդման ենթակայանները՝ ավտոմատ կառավարման և թվային պաշտպանության համակարգերով, ինչպես նաև ավելացնել ենթակայանների ընդհանուր հզորությունը 2 711 մեգավոլտ-ամպերից (MVA) մինչև 3 109 MVA։ Այս միջոցառումները համապարփակ ռազմավարության մաս են, որի նպատակն է արագացնել վերականգնվող էներգիայի ներդրումը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և արդիականացնել էլեկտրահաղորդման ցանցը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունն ու հուսալիությունը։
Ծրագիրը ներառված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերականգնվող էներգիայի արագացման բազմափուլ ծրագրային նախաձեռնության (ECARES MPA) շրջանակում, որի ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ծրագիրը հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2024 թվականի մարտի 28-ին։ Այն նպատակ ունի մեծացնել վերականգնվող էներգիայի հզորությունները ծրագրին մասնակցող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում, աջակցել նրանց էներգետիկ անցմանը դեպի վերականգնվող աղբյուրներ, ապահովել նշանակալի արդյունքներ մասնավոր ներդրումների միջոցով և խթանել տարածաշրջանային գիտելիքների ու փորձի փոխանակումը։
Սեղմեք ստորև՝ Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածի սկզբնաղբյուրին անցնելու համար։
https://www.worldbank.org/en/news/press-release/2024/06/03/armenia-s-transition-to-clean-energy-and-power-transmission-grid-upgrades-to-benefit-from-world-bank-support?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0_gzR8ebijeN4L1aIgxDE0_cOi-YWFx0r3gEFPluYAKwgnN-2qeAbFrkQ_aem_AXXKPObO9pHyJjxIB32suDHZGDWcrzc1r4Yz5_Ov9ftdf6DTE8Bz5_pbpONpxsB69j9mtzTlNSINq3oDG2UZVl9o#:~:text=Washington, June 3, 2024 —,of the Republic of Armenia